ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Հելունագործ տիկնիկները, հայկական ավանդական խոհանոցն ու «Օբսիդիանի ճանապարհը»

Հելունագործ տիկնիկները, հայկական ավանդական  խոհանոցն ու «Օբսիդիանի ճանապարհը»
24.10.2017 | 09:53

Թալինում մի խումբ կանայք 2012-ից ի վեր տիկնիկներ են պատրաստում: Հելունագործ տիկնիկները կրում են Արևմտյան Հայաստանի նահանգների ու քաղաքների անունները` Մուշ, Կարս, Կարին, Սասուն, Սեբաստիա, Տրապիզոն, Վան: Կան նաև «Երևան», «Արցախ», «Թալին» անուններով մեծ ու փոքր տիկնիկներ:


Այս մասին «Իրատեսի» հետ զրույցում ասաց «Թալինի կանանց ռեսուրս կենտրոն» զարգացման հիմնադրամի տնօրեն ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, նշելով, որ տիկնիկները կրում են տվյալ տարածքի ավանդական հայկական տարազը: Պատրաստում են նաև տոնածառի կախազարդեր, մատի տիկնիկներ, գինու շշի ծածկոցներ, բանալու կախիչներ՝ օգտվելով ազգագրագետ Պատրիկի գրքից: Գաղափարը կյանքի կոչելու հարցում օգնել է Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրեյթը` տրամադրելով տիկնիկ պատրաստելու համար անհրաժեշտ նյութեր: Թալինի տիկիկները վաճառվում են աշխարհի տարբեր երկրներում, հետաքրքրում են և՛ դրսի մեր հայրենակիցներին, և՛ օտարերկրացիներին:
Մեր զրուցակիցն ասաց, որ իրենց մարքեթինգն արդյունավետ է հատկապես այն առումով, որ Թալին անունով շատ աղջիկներ կան Կանադայում, Իսրայելում, Ամերիկայում. «Նրանք Google սոցցանցի որոնման բաժնում գրում են իրենց անունը, հայտնվում «Թալինի տիկնիկներ» («Talin Dolls») էջում: Ծանոթանում են տիկնիկներին, պատվիրում, ոմանք նաև, Հայաստան այցելելիս, մեզ հյուր են գալիս»:


Գայանե Խաչատրյանը պատմեց նաև իրենց նախաձեռնության մասին, որը, միջոցների սղության պատճառով, դեռ կյանքի չի կոչվել. տիկնիկները պետք է ունենան թափանցիկ պատուհանով տուփեր և սկավառակ, որտեղ խաղ-անիմացիայի ձևով գնորդին կներկայացվեն տվյալ տարածաշրջանի ավանդական ուտեստի բաղադրատոմսն ու պատրաստման եղանակը: Թալինի տիկնիկներն այս մտահղացմամբ տարածում ու սերունդներին են փոխանցում հայկական ավանդական մշակույթը, խոհանոցը, միաժամանակ աշխատանքով են ապահովում տասից ավելի ընտանիքների:


Գայանեն իրենց տանը զբոսաշրջիկների է հյուրընկալում: Հայկական ավանդական խոհանոցն ու ընտանեկան ջերմությունը հյուրասիրության գլխավոր նախապայմաններն են: Ասաց, որ գյուղական զբոսաշրջությունը զարգացնելու առաջարկ է ստացել. «Հատկապես Դաշտադեմում, որտեղ միջնադարյան ամրոց կա, շատ են այցելուները: Հյուրատուն չկա: Չկա նաև դրսի հյուրերին տանն ընդունելու մշակույթ: Շատերն ուզում են մեկ օր անցկացնել գյուղական ընտանիքում, կենդանիներին դաշտ տանել, հող մշակել: Միջոցներ չկան: Պետք է օգնել գյուղացիներին, բնակարաները վերանորոգելու, հարմարավետ դարձնելու խնդիր ունեն շատերը: Եվ, իհարկե, պետք է ձևավորվի զբոսաշրջիկին տանը հյուրընկալելու մշակույթ»:
Նշենք, որ Գայանե Խաչատրյանի և նրա մայրիկի պատրաստած հալվան, հարիսան, չրի հյութն ու հայկական այլևայլ ուտեստները ճաշակեցինք գիտական արշավի շրջանակում: «Օբսիդիանի ճանապարհը» խորագիրը կրող արշավը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը` «Թանգարանում մեծահասակների կրթական ծրագրերի իրականացում» նախագծի շրջանակում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 9111

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ